Հենրիխ Մխիթարյանը երեխաներին հորդորեց ամեն ինչ անել իրենց նպատակներին հասնելու համար

09th of September 2015

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ բարեգործական ձեռնարկ, որին ներկա էին «Հայկական Կարիտաս» ընկերության 30 շահառու երեխաներ Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Երևանից, որոնցից տասը Հայաստանում հանգրվանած սիրիահայ երեխաներ էին:

«Tecbuy» և «Airpo-Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանը և Գրիգոր Ժաբուրյանը Հենրիխ Մխիթարյանին նվիրեցին իրենց հեղինակած «էրեբունի հավերժ» ոսկյա բացառիկ ինքնահոս գրիչը, որն արտադրվել է իտալական հնագույն գրիչների արտադրող Մոնտեգրապպա (Montegrappa) ընկերության կողմից, իսկ Հենրիխ Մխիթարյանը ստորագրեց 30 հուշանվերային գնդակ, որոնք Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը նվիրեց երեխաներին:

Նկատի ունենալով միջոցառման բարեգործական բնույթը, Հենրիխ Մխիթարյանը երեխաների համար իր կողմից պատրաստել էր նաև մարզաշապիկներ, գլխարկներ և ոչ հուշանվերային, խաղային գնդակներ, որոնք նույնպես նվիրեց բարեգործական ձեռնարկին ներկա երեխաներին: Հենրիխ Մխիթարյանը բարեմաղթանքներ հղեց երեխաներին ՝ հորդորելով ամեն ինչ անել իրենց նպատակներին հասնելու համար: Բարեգործական ձեռնարկի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը ստորագրեց նաև անվանական 2 մարզաշապիկ և 20 գնդակ, որոնք հետագայում «Tecbuy» և «Airpo-Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանի և Գրիգոր Ժաբուրյանի կողմից կդրվեն բարեգործական աճուրդի, որից գոյացած գումարը կտրամադրվի Հայաստանի մանկատների սաներին:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանին նվիրաբերված գրիչի վրա պատկերված են հայկական խորհրդանիշեր՝ հայոց այբուբենը, նուռ, «Հավերժության անիվը», աղավնի, Զվարթնոցի և Էջմիածնի տաճարները և այլն: Խոսելով բարեգործական ձեռնարկի մասին` սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանը և Գրիգոր Ժաբուրյանը ներկայացրեցին իրենց հեղինակած գրիչները և շնորհակալություն հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ի դեմս ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ բարեգործական այս ձեռնարկն իրականացնելու հնարավորության ընձեռման համար, ինչպես նաև ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ բարեգործական այս ձեռնարկին իր մասնակցության համաձայնության համար: Ավարտին Հենրիխ Մխիթարյանը լուսանկարվեց երեխաների խմբի հետ: